«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Սերն է պակասել մոլորակի հանդեպ, կամ Երկիրը նեղացած է մեզնից

Սերն է պակասել մոլորակի հանդեպ,  կամ Երկիրը նեղացած է մեզնից
12.04.2013 | 12:43

ՈՐՔԱՆՈՎ ՄԱՍ ԵՍ, ԱՅՆՔԱՆՈՎ ԱՄԲՈՂՋ ԵՍ
Մարդը տիեզերքը ճանաչում է այնքան, որքան կարողանում է: Այսինքն՝ որքան իր հնարավորություններն են, որքան ներում է նրա բանականությունը ու որքան հոգևոր պատրաստվածություն ունի: Բոլոր դեպքերում նրա զգայարաններին այսօր դիպչում է վտանգի սպառնալիքը: ՈՒ սկսում է լեգենդներ հորինել աշխարհի վերջի մասին: Կամ էլ իր զգացողությունները դնում է գիտության դիտակի տակ ու քննում գիտական հարթության մեջ:
Մեծ առումով, կարելի է ասել, դրանից բան չի փոխվում, թե, այնուամենայնիվ, որն է նա ընտրում՝ գիտական բացատրությո՞ւնը, թե՞ միստիկան: Փաստն առկա է, որ կողմից էլ նայես. Երկրագունդն իրեն հանգիստ չի պահում (չօգտագործենք «բնականոն» բառը), կարծես ըմբոստացել է, կարծես հիվանդացել է, կարծես վիրավորված է, կարծես վիրավոր է: Տիեզերական այս պրոբլեմին մարդկության բանականության թույլ հպումներ են տեղի ունենում, ու ինչ-որ բան փորձում են ասել-եզրակացնել: Ընդամենն այսքանը:
Բայց իրո՞ք մարդկության ուժերն այդքան չնչին են, որ կարողանա ինչ-որ բան շտկել: Մարդկությունը, այո, փո՛քր է մեծ տիեզերքի մեջ: Բայց այս պարագայում հարցը նրա ու տիեզերքի հարաբերակցության մեջ է. մարդն ի՞նչ է տիեզերքի մեջ. տիեզերքի մասնի՞կն է, նշանակում է` հենց տիեզերքն ի՞նքն է: Քանզի ամբողջ, թե ամբողջի մաս, ըստ էության, նույնական են. որքանով մաս ես, այնքանով ամբողջ ես:
Բայց չմտնենք մետաֆիզիկայի մեջ: Խոսենք նրանից, ինչ տեսնում ենք որպես միս ու արյուն ունեցող էակ, որն ապրում է Երկիր կոչվող այս մոլորակի վրա:

ՃԻՇՏՆ ՈՒ ՍԽԱԼԸ
Տեղի է ունենում գլոբալ տաքացում. սա ֆիքսում է գիտությունը: Ինչի՞ հետևանք է այդ երևույթը, որը կարող է ուղղակիորեն սրբագրումներ մտցնել մարդու՝ հազարամյակներ ձգվող գոյության մեջ;
Գիտնականները (գուցե և այստեղ գիտնականներ ասելը քիչ է, իմաստուն ու դիտողունակ մարդիկ) բաժանվել են երկու խմբի. մի մասն ասում է, որ տաքացումը տիեզերական երևույթների հետևանք է, այսինքն՝ բնական վիճակ է երկրագնդի համար: Քանզի էլի են եղել շրջափուլեր, երբ ջերմաստիճանն աճ է գրանցել: Մյուս մասն էլ ասում է, որ՝ ո՛չ. մոլորակը տաքանում է մարդու գործունեությունից, այսինքն՝ պատճառը մարդածին է։
Ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ. ոչ ոք չգիտի: Բայց մի բան, այնումենայնիվ, ակնհայտ է. իրո՛ք, կլիմայի տաքացումը մարդու գործունեության հետևանք է: Արտադրական տարբեր պրոցեսների, նաև ոչ արտադրական երևույթների պատճառով արտանետվում է որոշ գազերի այնպիսի քանակություն, որ այլևս կանաչ տարածությունները չեն կարողանում յուրացնել: ՈՒ դրանք, որպես ջերմոցային գազեր, կուտակվում են մթնոլորտում: Ջերմոցային գազեր են ածխաթթու գազը՝ CO2-ը, ջերմոցային իր էֆեկտով վերջինիս 21 անգամ գերազանցող մեթանը, է՛լ ավելի՝ 310 անգամ գերազանցող ազոտի ենթօքսիդը և այլն: Գազեր կան, որոնք ունեն հազարավոր անգամ ավելի ջերմոցային ազդեցություն: Եվ դրանք մենք օգտագործում ենք մեր ամենօրյա կյանքում. թե՛ արտադրության մեջ, թե՛ կենցաղում:
Ի դեպ, մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակությունը կտրուկ մեծացավ սկսած 20-րդ դարից, անգամ՝ 19-րդ դարի կեսերից, երբ, որպես վառելիք, օգտագործվեցին նավթն ու ածուխը: Վերջիններիս այրումից մթնոլորտ էր արտանետվում մեծ քանակությամբ ածխաթթու գազ: Հիշենք նաև, որ այդ ժամանակներում արդեն, հատկապես Եվրոպայում, սկսեցին կատարվել լայնամասշտաբ ծառահատումներ: Փոխվեց բնության հավասարակշռությունը, կանաչ տարածքներն այլևս ի վիճակի չէին կլանելու մթնոլորտում եղած CO2-ը:
Գիտատեխնիկական հետագա առաջընթացն էլ ավելի խորացրեց պրոբլեմը: Մարդկությունը համարյա 1-1,5 հարյուրամյակի ընթացքում մեկ միլիարդից հասավ 7-8 միլիարդի: Պահանջվեցին կենսագործունեության առավել ընդարձակ սահմաններ: Գիտությունը նոր նյութեր ու միացություններ առաջարկեց մարդուն:
Եվ, այսպես, այսօր արդեն գլոբալ տաքացումը շատերի գիտակցության մեջ ընկալվում է որպես համընդհանուր աղետ: Համենայն դեպս, եթե այսօր դեռևս աղետ չէ, վաղն անպայման այդպիսին կդառնա, որովհետև մթնոլորտում ջերմոցային գազերի քանակության աճի տեմպերն ավելանում են: Նվազման միտումներ չկան:

ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ…
Իսկ ինչպիսի՞ն են հետևանքները, ինչպիսի՞ հարվածներով են սպառնում մարդկությանը:
Ճիշտ է, տարիների ընթացքում մոլորակի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը մի կես աստիճանով: Բայց այդ՝ առաջին հայացքից չնչին թվացող կես աստիճանը որոշիչ է ըստ էության: Բանն այն է, որ այն բաշխվում է խիստ անհավասարաչափ թե՛ տարածական, թե՛ ժամանակային առումով: Կարող է աշխարհի մի մասում խիստ ցուրտ լինել, մի մասում՝ խիստ տաք: Կամ ձմռանը շատ ավելի ցուրտ լինել, իսկ ամռանը` շատ ավելի տաք: Մի խոսքով՝ փոխվում է մոլորակի ջերմային հավասարակշռությունը, որն էլ ունենում է կոնկրետ ու շոշափելի դրսևորումներ: Մասնավորապես հալվում են բևեռների սառույցները, և քաղցրահամ ջուրը լցվում է օվկիանոսներ: Փոխվում են օվկիանոսի ջրի խտությունը և նրա ջերմային ռեժիմը: Սրա պատճառով փոխվում է այն հոսանքների հազարամյա վարքագիծը, որոնցով սովորաբար պայմանավորված է լինում ամեն մի տարածաշրջանի կլիման: Հոսանքները դառնում են անկայուն, կարող են և փոխել ուղղությունները: Խնդրեմ` այս ձմռանը որքան ձյունառատ էր Եվրոպայում: Միգուցե Գոլֆստրիմ հոսանքի քմահաճույքի հետևա՞նք էր, որը, սկիզբ առնելով Հարավային Ամերիկայից, հասնում է մինչև սկանդինավյան երկրներ ու իրենով պայմանավորում Եվրոպայի բարեխառն կլիման:
Գլոբալ տաքացումն իր հետ բերում է աննախադեպ մեկ այլ երևույթ. փոխվում է հողի բնույթը, այն այլևս չի կարողանում ներծծել անհրաժեշտ քանակությամբ խոնավություն: ՈՒստի սկսվում են անապատացման պրոցեսները: Միաժամանակ, եղած ու հողի չկլանած ջուրն էլ իր համար է կյանքի նոր «տեսակ» ընտրում. սելավների տեսքով շարժվում է ուր աչքը կտրի: Արդյունքում մի տեղ ջրի քաղց է, մի տեղ սելավներ ու ջրային աղետներ են: Առաջանում են նոր քամիներ, փոթորիկներ, փոխվում է վերջիններիս հաճախականությունը, և այլն, և այլն:
Երկրներ կան, որոնց անմիջականորեն է սպառնում գլոբալ տաքացման վտանգը: Այն երկրներն են, որ գտնվում են Խաղաղ օվկիանոսի ափերին: Կամ, օրինակ, Հոլանդիան է, որը ցածր է ծովի մակերևույթից: Ինչո՞ւ: Որովհետև բարձրանում է օվկիանոսի մակարդակը, և այդ երկրները կարող են հայտնվել... ջրի տակ։ Այսօր անգամ քննարկվում է մի շարք երկրների բնակչության տեղահանման-տեղափոխման հարցը դեպի ապահով տարածաշրջաններ, մասնավորապես Նոր Զելանդիա:

ԱՌԵՎՏՈՒՐ
Մարդը, այս երևույթների դեմ հանդիման, դատապարտվածի նման ձեռքերը ծալած նստած չէ, ինչ ճանապարհով հնարավոր է` պայքարում է Երկիր մոլորակի վրա բնականոն կյանքի իր իրավունքի համար: Փորձում է կասեցնել մոլորակի տաքացման ընթացքը: Դեռևս անցյալ դարի 90-ականներին ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվեց փորձագետների միջկառավարական հանձնաժողով, ու սկսվեցին քննարկումները:
Այս գործի համար նետվում են ֆինանսական հսկայական միջոցներ, այլևայլ ռեսուրսներ: Եվ առավել շահագրգիռն այն երկրներն են, որոնք առաջինն են հայտնվել կամ հայտնվելու են հարվածի տակ: Ընդունվել են մի շարք համաձայնագրեր, ստորագրվել են պայմանագրեր: Ընդ որում, ստորագրած ու վավերացրած երկրները բաժանվում են երկու խմբի. դրանք, ըստ էության, զարգացած և զարգացող երկրներն են: Զարգացած երկրների վրա դրված են խիստ պարտավորություններ, որպեսզի նվազեցնեն արտանետումները, իսկ զարգացող երկրները, փաստորեն, նույնին հասնում են… զարգացած երկրների միջոցներով: Տեղի է ունենում, ըստ էության, առևտուր, և առևտուրը ձեռնտու է երկու կողմին էլ: Զարգացած երկրների համար սահմանված են արտանետումների քվոտաներ: Եվ ի՞նչ, կարծում եք, նրանք կա՞նգ են առնում ու չե՞ն շարունակում մթնոլորտի ջերմային հավասարակշռությունը խախտող իրենց գործունեությունը: Բնականաբար՝ ոչ: Պարզապես իրենց ուզածին հասնում են սեփական փողի ուժով: Ընդունված է հետևյալ կարգը. դու, որպես երկիր, կարող ես ներդրումներ անել ու արտանետումները կանխող արտադրություններ կազմակերպել զարգացող երկրներում։ Դրա դիմաց կստանաս նույնքան չափով քո երկրում ջերմոցային գազ մթնոլորտ բաց թողնելու իրավունք: Այսպես: Այսքանը:
Եվ պետք է ասել, ճիշտ է, մեծ առումով մարդու ձեռքը չես բռնում, որպեսզի հեռու մնա մոլորակի ճակատագիրը վտանգելու իր գործից, բայց, այնուամենայնիվ, դրանից շահում են այլ՝ զարգացող երկրները, որոնց պակասում է համապատասխան տնտեսական ներուժը: Վերջիններս ստանում են ավելի հարուստ երկրների մշակած տեխնոլոգիաներ ու տնտեսապես շահող են դուրս գալիս այս՝ փաստացի համաշխարհային առևտրից:

ՈՍԿԻ ԱՂԲԸ
Ի դեպ, մեր երկիրն էլ է վավերացրել մի շարք համաձայնագրեր և ունի արդեն եվրոպաներում մշակված նոր տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորություն:
Եվ ուրախալի է, որ ունենք հաջողված մի օրինակ, ընդ որում՝ միակը Հարավային Կովկասում: Այն Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի բազայի հիման վրա դանիական տեխնոլոգիաներով նորվեգացիների կառուցած կենսագազի արտադրության ձեռնարկությունն է, որտեղ կենսագազից ստանում են էլեկտրաէներգիա և վաճառում պետությանը: Շահում է թե երկրի էկոլոգիան, թե տնտեսական արդյունքն է առկա:
Սա՝ քանի դեռ չեն բախվում տնտեսական շահերը, և կոռուպցիոն մետաստազները տարածված չեն ոլորտում: Եթե բանը հասնի ինչ-որ պաշտոնյայի կամ ինչ-որ խմբավորման շահի, ապա հերն անիծած էկոլոգիայի էլ, տնտեսական նպատակահարմարության էլ: Հենց այս հողի վրա 2000-ականներին կոնֆլիկտ հասունացավ ճապոնացիների հետ: Փաստորեն, ըստ նախապես կնքված համաձայնագրի, մեր կառավարությունը ճապոնացիներին պարտավոր էր հատկացնել Նուբարաշենի աղբավայրը, որտեղ կկառուցեին գործարան, ու ստացված կենսագազի հիման վրա կկազմակերպվեր նաև էլեկտրաէներգիայի արտադրություն:
Բայց որոշակի պայմաններում աղբն էլ կարող է ոսկի դառնալ. ստվերում գործողների համար այն, ինչպես գիտենք, եկամտի հրաշալի աղբյուր է: Այդպես է ամբողջ աշխարհում, այդպես է և մեզ մոտ: ՈՒ… փորձեցին չեղյալ համարել պայմանագիրը: Ճապոնական կողմն արդեն լուրջ միջոցներ էր ծախսել. սպառնաց դիմել Միջազգային տնտեսական դատարան: Միայն դրանից հետո նրանց հատկացվեց «ոսկի» աղբավայրի մի փոքր հատված, բայց նրա վրա այլևս հնարավոր չէր իրականացնել նախատեսված արտադրական բոլոր ցիկլերը: Ընդամենը չեզոքացրին արտանետումները, այլևս կենսագազից էլեկտրաէներգիա ստանալու մասին խոսք լինել չէր կարող: Այսքանը Հայաստանի մասին՝ ի միջի այլոց, ծանոթացման կարգով:

ՍԵՐԸ
Հիմա՝ հիմնական հարցը. մարդը կարո՞ղ է հաջողել Երկրագնդի համար իր պայքարում, կամ որ նույնն է՝ մարդը կարո՞ղ է հաջողել ինքն իր դեմ պայքարում: Եվ մի հարց էլ՝ արդյո՞ք այս հարցը փողի ուժով լուծվող հարց է միայն: Այն դեպքում, երբ աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում նաև` հզոր երկրներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, չեն միանում Կիոտոյի համաձայնագրին: Որովհետև դա կվնասի իրենց տնտեսությանը: Մի խոսքով՝ կտուժեն բիզնեսշահերը:
Իսկ այսօր այլևս շշուկով չի խոսվում նոոսֆերա հասկացության մասին: Այն է թե՝ Երկիր մոլորակը ևս կենդանի օրգանիզմ է և ունի իր տրամաբանական հակազդեցությունները տեղի ունեցող լավի ու վատի վերաբերյալ: Որ նա ընդվզում է մարդու դեմ, երբ վերջինս իր հետ անարդար է վարվում: Կամ, ավելի ճիշտ, երբ պակասում է իր հանդեպ մարդու սերը:
Հընթացս էլ առանձին մարդկանց միջոցով երկիր են իջնում Բարձրյալի պատգամները: Դրանք հասցեագրվում են ամենքիս: Դրանցից որն է ճիշտը, որը՝ սարքովի, արդեն էական չէ այս պարագայում: Կարևորն այն է, որ մարդն արդեն գիտակցում է` ինչ-որ բան այն չէ իր և Արարչի հարաբերություններում: Եվ այդ գիտակցությունը տարատեսակ դրսևորումներ է ունենում. թող որ մեկը՝ տեղին, մեկը՝ անտեղի: Մեկը՝ ազնիվ, մյուսը՝ շահադիտական: Կարևոր է, որ գիտակցումը կա, ու ճանապարհը կբացվի:


Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հ. Գ.- Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի անալիտիկական հետազոտությունների բաժնի վարիչ ՊԵՏՐՈՍ ԴՈԶԱԼԱՔՅԱՆԻՆ` մասնագիտական խորհրդատվության համար:

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ